|
|
Սեպտեմբերի 14-ին Կրթության Միջազգային Ակադեմիայի ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու բռնցքամարտի առասպել, թեթևագույն քաշի մեջ աշխարհի բազմակի չեմպիոն Վիկ Դարչինյանին, որն այցելեց Երևանի Հայբուսակ համալսարան և ներկա գտնվեց համալսարանի դահլիճում տեղի ունեցած արարողությանը:
ԿՄԱ նախագահ Անահիտ Հարությունյանն իր խոսքի մեջ շեշտեց, որ Վիկ Դարչինյանը ոչ միայն պարծանքի և ազգային հպարտության առարկա է բոլորիս համար, այլև փայլուն օրինակ, որին անհրաժեշտ է հետևել: ԿՄԱ գլխավոր տնօրեն Սուրեն Մամիկոնյանը ևս ողջունեց աշխարհահռչակ բռնցքամարտիկին և ցանկացավ նրան նորանոր մեծագույն հաջողություններ: Վիկ Դարչինյանն այսօրվանից Միջազգային Ինֆորմատիզացիայի Ակադեմիայի անդամ է, որի դիպլոմն էլ հանձնվեց նրան հանդիպման ժամանակ: Ուսանողները Վիկ Դարչինյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, իսկ ԿՄԱ Մշակութային խորհուրդը հանդես եկավ գեղարվեստական ծրագրով, որն, ավանդության համաձայն, ավարտվեց ԿՄԱ օրհներգով: |



